• Էջ 1-րդ 1-ից
  • 1
ՖՈՐՈՒՄ » ԳՐՔԵՐ » Մեջբերումներ գրքերից » Վիկտոր Հյուգո «Թշվառներ»
Վիկտոր Հյուգո «Թշվառներ»
Հատվածներ Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» գրքից


Մաս 1-ին «Ֆանտին»


▶ «Մարդու սպանածին աստված հարություն է տալիս: Նա, որին եղբայրները վռնդում են` գտնում է հորը: Աղոթեցեք, հավատացեք, մտեք կյանք. հայրն այնտեղ է»:

▶ «Զգուշացեք այն ձևից, որով շրջվում եք մեռյալից: Մի մտածեք այն մասին, որ նեխում է: Նայեք շեշտակի: Դուք կնկատեք ձեր սիրեցյալ մեռյալի կենդանի լույսը երկնքի խորքում»,- ասում էր նա: Նա գիտեր, որ հավատքն առողջարար է: Նա փորձում էր մխիթարել ու հանդարտեցնել հուսահատ մարդուն` մատնացույց անելով համակերպված մարդուն. փորձում էր գերեզմանին նայող վիշտը վերածել աստղին նայող վշտի:

▶ -Այո, իսկ 93 թվակա՞նը:
-Ա՜, վերջապես հասա՜նք դրան: 93 թվակա՜նը: Սպասում էի այդ բառերին: Մի ամպ էր գոյացել հազար հինգ հարյուր տարվա ընթացքում: Տասնհինգ դար հետո այն պայթեց: Դուք մեղադրում եք որոտը:

▶ Տարիների կերպարանքից է կազմվում դարերի դեմքը:

▶ Աստված հանձնարարել է անմարսողությանը` բարոյականություն սովորեցնել ստամոքսներին: ... մեր կրքերից յուրաքանչյուրն ստամոքս ունի, որը չպետք է շատ լցնել:

▶ Եվ այս խոսքի վրա նա մի կրքոտ համբույր դրոշմեց իր աղջկան, որից երեխան արթնացավ: Նա բաց արեց աչքերը` կապույտ, խոշոր, ինչպես մորն էին և նայեց, ինչի՞. ոչնչի, և ամեն բանի. նայեց փոքր երեխաների այն լուրջ և երբեմն էլ խիստ հայացքով, որ նրանց լուսավոր անմեղության գաղտնիքն է մեր առաքինության վերջալույսի առջև: Կարծես թե նրանք իրենց հրեշտակ են զգում և գիտեն, որ մենք մարդ ենք:

▶ Բայց քանի որ (իսկ սա անհրաժեշտ մեղմացուցիչն է, որ որոշ բառերի իմաստը խիստ բացարձակ կերպով չընդունվի) որևէ մարդկային արարած չի կարող իսկապես անսխալ լինել, ապա հենց բնազդին էլ հատուկ է հուզվելը, մոլորվելը և շվարելը, առանց որի նա իմացականությունից ավելի գերազանց կլիներ և անասունն ավելի կկողմնորոշվեր, քան թե մարդը:

▶ Որոշ մարդիկ չար են սոսկ խոսելու կարիքի պատճառով: Նրանց խոսակցությունը, սալոններում ունեցած զրույցը, նախասենյակում արած շաղակրատությունը նման է այն բուխարիներին, ուր փայտն արագ է վառվում. նրանց վառելիք է պետք, իսկ այդ վառելիքը մերձավորն է:

▶ Մեծ վիշտը աստվածային, ահեղ ճառագայթ է և կերպարանափոխում է թշվառներին:

▶ Անկարելի է արգելել մտածողությանը, որ վերադառնա նույն մտքին կամ արգելել ծովին, որ վերադառնա իր ափերին: Նավաստու համար դա կոչվում է մակընթացություն, իսկ հանցավորի համար` խղճի խայթ: Աստված հուզում է հոգին օվկիանի նման:

▶ Բոլոր դատողությունների տարտամ ձևերը, որ ուրվագծել էր նրա երևակայությունը` դողդողում էին ու ծխի նման իրար ետևից ցրվում:

▶ Նա փորձում էր ամփոփվել, բայց չէր կարողանում: Հենց այն ժամերին, երբ ամենից ավելի կարիք ունես մտքի բոլոր թևերը կյանքի կսկծալի իրականություններին կապելու, նրանք կտրվում են ուղեղում:

▶ Դա մեկն էր այն դժբախտ մարդկանցից, որոնց բնությունը ուրվագծում է որպես վայրի կենդանի, իսկ հասարակությունն ավարտում ու դարձնում է թիապարտ:

▶ Որևէ պարկեշտ ֆանատիկոսի անողոք հրճվանքը իր ողջ գազանության մեջ ունի ինչ-որ ցավագին կերպով պատկառելի շողշողում: Ժավերն առանց այդ գիտակցելու` իր զարհուրելի երջանկության մեջ խղճալի էր, ինչպես հաղթանակ տանող յուրաքանչյուր տգետ: Ոչ մի բան այնքան խոցող ու ահավոր չէր, ինչպես նրա դեմքը, որի վրա երևում էր այն, որ կարելի է անվանել բարիի ամբողջ չարությունը:

▶ Ո՜վ սուրբ աղջիկ, դուք, որ վաղուց այս աշխարհում չեք և միացել եք ձեր կույս քույրերի ու հրեշտակ եղբայրների լույսին, թող այս սուտը հաշվի առնվի արքայության մեջ:


 
 

Մաս 2-րդ «Կոզետ»


▶ Հնարավո՞ր էր, որ Նապոլեոնը շահեր այս ճակատամարտը: Մենք պատասխանում ենք` ո՛չ: Ինչո՞ւ: Վելինգտոնի՞ պատճառով, Բլյուխերի՞ պատճառով: Ո՛չ, Աստծո պատճառով:
Վաթեռլոյում Նապոլեոնի հաղթելն այլևս տասնիններորդ դարի օրենքի մեջ չկար: Դեպքերի մի այլ շարք էր պատրաստվում, ուր Նապոլեոնն այլևս տեղ չուներ: Իրադարձությունների չարակամությունը վաղուց էր ծանուցված:
Ժամանակն էր, որ այս մեծ մարդն ընկներ:
Այս մարդու ծայրահեղ ծանրությունը մարդկային ճակատագրի մեջ խախտում էր հավասարակշռությունը: Այս անհատն իրեն ավելի բարձր էր դասում, քան թե ողջ տիեզերքը: Մարդկային ողջ կենսունակության այս գերկուտակումը, որ կենտրոնացած էր լոկ մի գլխի մեջ, և մի մարդու ուղեղի մակարդակին հասնող աշխարհը մահացու կլիներ քաղաքակրթության համար, եթե շարունակվեր: Ժամը հասել է, որ գերագույն ու անկաշառելի արդարությունը հրապարակ իջներ: Հավանաբար այն սկզբունքներն ու տարրերը, որոնցից են կախված կանոնավոր ձգողությունները թե՛ բարոյական, թե՛ նյութական աշխարհում, այդ էին պահանջում: Տաք արյունը, ծանրաբեռնված գերեզմանոցները, արցունք թափող մայրերը դարձել էին ահարկու մեղադրողներ: Երբ երկիրը նեղվում է գերբեռնվածությունից, ստվերի խորհրդավոր հեծեծումներ են լինում, որոնց ձայնը անդունդն է լսում:
Նապոլեոնին երկնքում մեղադրել էին, և նրա անկումը կանխորոշված էր:
Նա նեղում էր աստծուն:
Վաթեռլոն ամենևին էլ մարտ չէ, դա տիեզերքի ճակատագրի փոփոխությունն է:

▶ Եթե կա ահավոր բան, եթե կա երևակայությունը գերազանցող որևէ բան - սա է հենց.- ապրել, տեսնել արևը, լինել առնական ուժի լրիվ տերը, վազել դեպի դեմուդեմը կանգնած շլացուցիչ փառքը, զգալ, որ կրծքի տակ թոքը շնչում է, սիրտը խփում, կամքը դատում, մարդը խոսում է, մտածում, հուսալից է, սիրում է, մայր ունի, կին ունի, երեխաներ ունի, լույս ունի, և հանկարծ մի ճիչ արձակելու տևողության, մի րոպեից պակաս տևողության մեջ գահավիժում է անդունդ, ընկնում, թավալում, ջարդում, ջարդվում, տեսնում է ցորենի հասկեր, ծաղիկներ, տերևներ, ճյուղեր, բայց չի կարողանում որևէ բանից կառչել, զգում է, որ իր սուրն ավելորդ է, մարդիկ կան իր տակ, ձիեր կան իր վրա, զուր են ջանքերը, ոսկորները ջարդվում են խավարում մի անծանոթ քաղցից, զգում է, որ մի կրունկ պինդ կպել է իր աչքերին, կատաղությամբ կրծոտում է ձիու պայտը, խեղդվում է, մռնչում, գալարվում, մնացել է տակը ու մտածում է - քիչ առաջ ես կենդանի՜ էի:

▶ Բոլորն էլ պահել էին շունչը, կարծես վախենում էին այդ երկու դժբախտներին տատանող քամուն ամենաչնչին հոսանք ավելացնելուց:

▶ Ամբողջը միասին հարյուր տարուց ավելի չի լինի, բայց հարյուր տարին եկեղեցու համար երիտասարդություն է, իսկ տան համար` ծերություն: Թվում է, որ մարդու բնակարանը մասնակցում է նրա կարճակյացությանը, իսկ աստծու տունը` նրա հավիտենականությանը:

▶ Ժան Վալժանն այն առանձնահատուկ հատկությունն ուներ, որ կարելի է ասել, թե երկու մախաղ ուներ. մեկի մեջ սուրբ մտքերն էր կրում, մյուսի մեջ տաժանակրի վտանգավոր ընդունակությունները և ըստ կարիքի` քրքրում էր մերթ այս, մերթ այն մախաղը:

▶ Մենք գիտենք, որ կա մի փիլիսոփայություն, որ ժխտում է անհունը: Կա մի ուրիշ` պաթոլոգիապես դասավորված փիլիսոփայություն, որ ժխտում է արևը. այս փիլիսոփայությունը կոչվում է կուրություն: Հաստատել մի զգացողություն, որի ճշմարտության աղբյուրը մեզ պակասում է, սա կույրի ինքնավստահությունն է:

▶ Անհունի բացասումը տանում է ուղղակի դեպի նիհիլիզմ: Ամեն ինչ դառնում է «մտքի հղացում»:
Նիհիլիզմի հետ հնարավոր չէ բանավեճ վարել, որովհետև տրամաբանական նիհիլիստը կասկածում է, թե նրա խոսակիցը գոյություն ունի և վստահ չէ, թե ինքն էլ գոյություն ունի:
Ըստ նրա տեսակետի, հնարավոր է, որ ինքն էլ իր համար լոկ «իր մտքի հղացումն է»:
Միայն թե նա բնավ չի նկատում, որ այն ամենը, ինչ ինքը բացասել է, ընդունում է բոլորը միասին լոկ մի բառ արտասանելով` միտք:
Մի խոսքով, ոչ մի ճանապարհ բաց չի անում մտածողության համար այն փիլիսոփայությունը, որ ամեն բան հանգեցնում է Ոչ միավանկին:
Ոչ-ին միայն մի պատասխան կա` Այո:
Նիհիլիզմը կարողություն չունի:
Ոչինչը գոյություն չունի: Զրո չկա: Ամեն ինչ որևէ բան է: Ոչ մի բան ոչինչ չէ:

▶ Վանքն ինքնին հակասություն է: Նպատակը փրկությունն է, միջոցը` զոհը: Վանքը գերագույն էգոիզմն է, իսկ նրա արտադրությունը` գերագույն անձնուրացությունը:
Անձնուրանալ իշխելու համար - կարծես սա է մոնախիզմի նշանաբանը:
Մենաստանում տառապում են վայելելու համար: Փոխանակագիր են քաշում մահվան վրա: Երկրային խավարից երկնային լույս են զեղչում: Մենաստանում դժոխքն ընդունում են իբրև դրախտի ժառանգության կանխավճար:

▶ Ով բանտարկյալ է եղել, գիտե ըստ փախուստի տրամագծի փոքրանալու արվեստը:


 
 

Մաս 3-րդ «Մարիուս»


▶ Ասենք նաև, որ օրիորդ Ժիլնորմանը պառավելուց ավելի շուտ շահած, քան թե տուժած էր: Այդպես է լինում պասիվ բնավորություն ունեցողների հետ: Նա երբեք չար չէր եղել, որ նույնպես հարաբերական բարություն է, և բացի դրանից, տարիները մաշում են անկյունները, և նա օժտվել էր ժամանակի մեղմացումից: Նա տխուր էր խավար տխրությամբ, որի գաղտնիքն ինքն էլ չգիտեր: Նրա ամբողջ անձի մեջ կար ապշանքը մի վերջացած կյանքի, որը չի սկսվել:

▶ Գաղտնիքի ճաշակումը նման է գայթակղության նախավայելումին, և սուրբ հոգիները բնավ էլ չեն ատում այդ բանը:

▶ Երազին ծնունդ տալու համար ոչ մի բան այնքան ուժեղ չէ, ինչքան դոգմատը: Իսկ ապագան բեղմնավորելու համար ոչ մի բան այնքան ուժեղ չէ, ինչքան երազը: Այսօրվա ուտոպիան վաղը միս ու ոսկոր է դառնում:

▶ Յուրաքանչյուր ունակություն տանում է դեպի որևէ թերություն. տնտեսողը սահմանակից է ժլատին, առատաձեռնը` շռայլին, քաջը հարևան է սուտքաջին. խիստ բարեպաշտ ասելը համարժեք է սուտ ջերմեռանդին. առաքինության մեջ ճիշտ այնքան ծակ կա, որքան կար Դիոգենեսի թիկնոցի վրա:

▶ Բայց և այնպես պ. Մաբյոֆն այս դեպքում եղել էր ոչ այլ ինչ, եթե ոչ նախախնամության հանդարտ ու անաչառ գործակալը: Նա լուսավորել էր Մարիուսին պատահաբար ու անգիտակցաբար, ինչպես որևէ մեկի բերած մոմը: Նա եղել էր մոմը, բայց ոչ որևէ մեկը:

▶ Նրա հիանալի շականակագույն մազերը նրբերանգված էին ոսկեգույն երակներով, ճակատը կարծես մարմարե էր, այտերը թվում էին վարդի թերթիկից շինված, գույնը` բաց վարդակարմիր, սպիտակությունը` հուզական, բերանը` նրբագեղ, որից դուրս եկած ժպիտը նման էր ճաճանչի, իսկ խոսքը` երաժշտության, գլուխը, որ Ռաֆայելը կտար Մարիամին, դրված էր այնպիսի վզի վրա, որ Ժան Գուժոնը կտար Վեներային: Եվ որպեսզի որևէ բան չպակասի այս դյութիչ կերպարանքին, քիթը գեղեցիկ չէր, սիրուն էր, ոչ ուղիղ էր, ոչ կոր, ոչ իտալական, ոչ հունական, այլ փարիզյան քիթ էր, այսինքն` մի նուրբ, անկանոն ու մաքուր բան, որ հուսահատեցնում է նկարիչներին ու հրապուրում բանաստեղծներին:


 
 

Մաս 4-րդ «Պլյումե փողոցի հովվերգությունը և Սեն-Դընի փողոցի դյուցազներգությունը»


▶ Ինչպես հայտնի է` տրամաբանությունը չի ճանաչում մոտավորապեսը, ինչպես որ արևը չի ճանաչում մոմը:
Ո՞վ է հեղափոխությունները կես ճամփին կասեցնում. բուրժուազիան: Ինչո՞ւ:
Որովհետև բուրժուազիան բավարարման հասած տենչն է: Երեկ դա ախորժակն էր, այսօր լիությունն է, վաղը` հագեցումը:

▶ Կանգառումը ուժերի վերականգնումն է. դա զինված ու արթուն հանգիստն է. դա կատարված իրողությունն է, որ պահակազորեր է նշանակում և ինքն էլ աչալուրջ հսկում: Կանգառումը ենթադրում է մի մարտ երեկ և մի մարտ վաղը:

▶ Ուրեմն բուրժուազիային, ինչպես և պետական մարդկանց պետք էր մի մարդ, որ արտահայտեր այդ կանգառում բառը: Մի մարդ, որ լիներ «թեև», «որովհետև»: Մի բաղադրված անհատականություն` և՛ հեղափոխություն, և՛ կայունություն նշանակությամբ, այլ կերպ ասած` որ հաստատի ներկան անցյալի ու ապագայի ակներև հաշվապահությամբ:

▶ Ոչ մի բան մանկահասակ աղջկան այնպես չի նախապատրաստում կրքերի, որքան վանքը: Վանքը մտածողությունը դարձնում է դեպի անհայտը: Ինքն իր մեջ ամփոփված սիրտը փորվում է` չկարողանալով հորդել, և խորանում է` չկարողանալով փթթել: Դրանից էլ առաջանում են տեսիլքներ, ենթադրություններ, վարկածներ, ուրվագծված ռոմաններ, տենչացված արկածներ, ֆանտաստիկ կառուցվածքներ, շենքեր` ամբողջովին շինված մտքի ներքին խավարում, մթին ու ծածուկ կացարաններ, ուր կրքերն անմիջապես բնակվելու տեղ են գտնում, հենց որ հաղթահարված վանդակադուռը թույլ է տալիս նրանց ներս մտնել: Վանքը այնպիսի ճնշում է, որ մարդկային սրտին հաղթելու համար պետք է ողջ կյանքում տևի:

▶ Տիեզերքի վերածվելը միայն մեկ էակի, մի էակի տարածումը մինչև աստված, ահա սերը:

▶ Որոշ խոհեր աղոթքներ են: Կան րոպեներ, երբ, ինչպիսին էլ լինի մարմնի դիրքը, հոգին ծնկաչոք է:

▶ Կա թշվառության մի որոշ աստիճան, երբ համակվում ես մի տեսակ ուրվականային անտարբերությամբ և արարածներին տեսնում ես թրթուրների պես: Ձեր ամենամոտիկ էակները ձեզ համար ստվերի անորոշ ձևեր են լոկ և հազիվ են նկատվում կյանքի մշուշանման խորքում ու հեշտ-հեշտ խառնվում են անտեսանելիին:

▶ Թենարդիեն տոգորված ազատության այն սարսափելի ծարավից, որ վիհերը դարձնում է փոսեր, երկաթաճաղերը` ճյուղահյուսվածք, անձեռ-անոտին` ատլետ, հոդատապ ունեցողին` թռչուն, ապշությունը` բնազդ, բնազդը` ուշիմություն և ուշիմությունը` հանճար, կարողացե՞լ էր ուրեմն Թենարդիեն հնարել մի երրորդ ձև: Ամենևին չիմացվեց դա:

▶ Այդ երբվանի՞ց է, որ սարսափը բացառում է ուսումնասիրությունը, երբվանի՞ց է, որ հիվանդությունը վտարում է բժշկին: Կարո՞ղ եք պատկերացնել որևէ բնագետի, որը հրաժարվի ուսումնասիրել օձին, չղջիկին, կարիճին, մորմին, հետ շպրտի դրնաց իրենց խավար բնակավայրերը` ասելով. - Օ՜, ինչ այլանդակ են: Այն մտածողը, որ երես կդարձներ արգոյից, կնմանվեր խոցից կամ կոծիծներից երես դարձնող վիրաբույժին:

▶ Քաղաքակրթության ներքնաշերտը ավելի խոր ու ավելի մութ լինելու պատճառով արդյոք նվա՞զ կարևոր է, քան թե վերնաշերտը: Կարելի՞ է ասել, որ լավ ես ճանաչում լեռը, երբ չես ճանաչում քարանձավը:

▶ Մարդը լոկ մի կենտրոն ունեցող շրջանակ չէ, այլ երկօջախ էլիպս. մեկը իրադարձություններն են, մյուսը` գաղափարները:
Արգոն ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդերձարան, որտեղ լեզուն որևէ վատ գործ կատարելու պատճառով ծպտվում է: Այնտեղ դիմակավոր բառեր և ցնցոտիանման փոխաբերություններ է հագնում:

▶ Կարեկցենք պատժվածներին: Ավա՜ղ, ո՞վ ենք մենք` ինքներս, ո՞վ եմ ես, որ խոսում եմ ձեզ հետ. ո՞վ եք դուք, որ լսում եք ինձ. որտեղի՞ց ենք գալիս մենք. և վստահ կարո՞ղ ենք ասել, որ մենք ոչինչ չենք արել ծնվելուց առաջ: Չի կարելի ասել, որ երկիրը նման չէ բանտի: Ո՞վ գիտե, որ մարդը աստվածային արդարության կրկնադատին ենթակա չէ:

▶ Մարդկանց ճիշտ բաժանումը հետևյալն է` լուսավորներ ու խավարներ:
Նվազեցնել խավարների, ավելացնել լուսավորների թիվը, ահա նպատակը: Դրա համար էլ մենք գոչում ենք` ուսուցո՛ւմ, գիտությո՜ւն: Կարդալ սովորեցնել` նշանակում է կրակ վառել. ամեն մի հեգված վանկ կայծ է արձակում:
Ասենք նաև, որ լույս ասելը անպայման ուրախություն չի նշանակում: Տառապում են լույսի մեջ էլ. չափազանցությունը վառում է: Բոցը թևի թշնամին է: Վառել` առանց թռիչքը դադարեցնելու. ահա հանճարի սքանչելիքը:
Երբ դուք կճանաչեք և կսիրեք, էլի կտառապեք: Օրը բացվում է արցունքով: Լուսավորները լալիս են` թեկուզ և խավարների վրա:

▶ Մտավոր ու բարոյական աճումը պակաս անհրաժեշտ չէ, քան նյութական բարելավումը: Իմանալը մի տեսակ հաղորդ է, մտածելը` առաջնակարգ անհրաժեշտություն, ճշմարտությունը ցորենի պես սնունդ է: Բանականությունը գիտությունից ու իմաստությունից ծոմ պահելու դեպքում նիհարում է: Ստամոքսին հավասար չափով խղճանք և այն մտքերին, որոնք չեն սնվում: Եթե կա ավելի սրտակեղեք բան, քան հաց չլինելու պատճառով շունչը փչող մարմինը, ապա լույսի քաղցից մահցող հոգին է դա:

▶ Ինչի՞ց է կազմվում խռովությունը: Ոչնչից և ամեն ինչից: Քիչ-քիչ արձակված էլեկտրականությունից, հանկարծակի ժայթքած բոցից, թափառող մի ուժից, անցնող հևքից: Այդ հևքը հանդիպում է խոսող գլուխների, երազող ուղեղների, տառապող հոգիների, այրող կրքերի, ոռնացող թշվառությունների ու տանում է դրանց:

▶ Եթե հավատանք քաղաքական որոշ ծածկամիտ պատգամախոսների, ապա իշխանության տեսակետից մի քիչ խռովություն ցանկալի է: Պատճառաբանումը` խռովությունը ամրապնդում է այն կառավարությունը, որին չի տապալում. փորձում է բանակը, կենտրոնացնում բուրժուազիային, պրկում ոստիկանության մկանները, հավաստում սոցիալական կմախքի ուժը: Մարմնամարզություն է դա, գրեթե առողջապահություն: Իշխանությունն ավելի լավ է զգում իրեն խռովությունից հետո, ինչպես մարդը շփվելուց հետո:

▶ Կա խռովություն և կա ըմբոստություն. երկուսն էլ բարկություն են, մեկն անիրավ, մյուսն իրավացի:

▶ Կրքերի ու տգիտությունների երերումը շատ է տարբեր առաջադիմության ցնցումից: Ոտքի ելեք, դեմ չեմ, բայց մեծանալու համար: Ցույց տվեք ինձ, թե որ կողմն եք գնում: Միայն առաջ դիմող ըմբոստություն կա: Որևէ այլ ընդվզում վատ է: Ամեն մի բուռն հետադարձ քայլ խռովություն է. ընկրկումը բռնություն է մարդկային ցեղի դեմ: Ապստամբությունը ճշմարտության մոլեգնության նոպա է. սալահատակները, որ շարժում է ապստամբությունը, իրավունքի կայծեր են արձակում: Այդ սալահատակները խռովությանը թողնում են միայն իրենց ցեխը:

▶ Կա նաև ջերմական ուժի որոշ տարբերություն. ապստամբությունը հաճախ հրաբուխ է, խռովությունը հաճախ` ծղոտի կրակ:

▶ Ի՜նչ են քաղաքի ջղաձգությունները հոգու խռովությունների կողքին: Մարդը ավելի մեծ խորություն է, քան ժողովուրդը:

▶ Բնությունը ոչ մի բողոքարկում չընդունող պարտատեր է:


 
 

Մաս 5-րդ «Ժան Վալժան»


▶ Զոհաբերման ծայրահեղությունը հավաստիք է. նրանք այլևս հույս չունեին, բայց ունեին հուսահատություն: Հուսահատությունը վերջին զենքն է, որ երբեմն հաղթանակ է տալիս, ասել է Վիրգիլիոսը: Գերագույն ուժը ծնվում է ծայրագույն որոշումներից: Նավարկել դեպի մահ` երբեմն նշանակում է խուսափել նավաբեկությունից, և դագաղի կափարիչը դառնում է փրկության տախտակ:

▶ Երիտասարդությունը ապագայի ժպիտն է անծանոթի նկատմամբ, որ հենց ինքն է: Նրա համար բնական է երջանիկ լինելը: Թվում է, թե նրա շնչառությունը հույսից է կազմված:

▶ Ոչ մի բան այնպես զարմանալի չէ, ինչպես անձրևից լվացված և արևից սրբված կանաչությունը. դա ջերմ թարմությունն է: Այգիներն ու մարգագետինները իրենց արմատների մեջ ջուր և ծաղիկների մեջ արև ունենալով` դառնում են խնկաման և միասին ծխում են իրենց բոլոր բույրերը: Ամեն ինչ ժպտում է, երգում ու մատուցվում: Քաղցր գինովություն ես ունենում: Գարունը ժամանակավոր դրախտ է. արևն օգնում է մարդուն համբերատար լինելու:

▶ «Հրեշտակը» լեզվի միակ բառն է, որ չի կարող մաշվել: Ոչ մի ուրիշ բառ չէր դիմանա այն անխիղճ գործածությանը, որ անում են սիրահարները:

▶ Որքա՜ն լավ բան է, երբ տանջանքներ ունես հետևդ թողած: Նրանց անցյալ տվայտանքը լուսապսակ էր կազմում ներկա երջանկության շուրջը: Նրանց սիրո երկար հոգեվարքը հանգում էր համբարձման:

▶ Որքա՜ն սոսկալի բան է երջանիկ լինել: Ինչպե՜ս են մարդիկ գոհանում դրանով: Ինչպե՜ս էլ կարծում են, որ բավական է դա: Եվ ինչպես տիրանալով կյանքի կեղծ նպատակին` երջանկությանը, մոռանում են իսկական նպատակը` պարտականությունը:

1



Շնորհակալություն տեղեկատվության համար

Goodwin Casino official website http://goodwin-casino.am/en/

2



ՖՈՐՈՒՄ » ԳՐՔԵՐ » Մեջբերումներ գրքերից » Վիկտոր Հյուգո «Թշվառներ»
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

Անվճար հոսթինգ uCoz