Հիշում եմ այն օրը... Զանգեց բարեկամուհիս ու հայտնեց գույժը: Չհավատացի. երևի շփոթել է, ուրիշ մեկի մասին է խոսքը, չէ՞ որ մեկ օր առաջ տեսա քեզ ուղիղ եթերով հեռարձակվող համերգի ժամանակ: Միացրեցի հեռուստացույցը, դու էիր երգում: Հանգիստ էի. ուղղակի զուգադիպություն է: Երևացին հաղորդավարների վշտալի դեմքերը: Լարվեցի: Սպասում էի: Հիմա կասեն, որ տարածված լուրերը սուտ են, բայց... Ինչպես թե՞... Էլ չկա՞ս, այլևս քո ձայնով նոր երգեր չե՞ն հնչելու... Գիտակցությունս չէր ընկալում կատարվածը: Տարիներ են անցել: Թվում է, թե արդեն լիովին ընդունել եմ կատարվածը, ու գիտակցությունս ընտելացել է այդ մտքին, բայց հաճախ եմ արթնանում այն գիտակցությամբ սարսափած, որ էլ չկաս, կարծես հենց նոր գիտակցած լինեմ դա: Արթնացումից վայրկյաններ անց նորից հայտնվում եմ կատարվածին ընտել թմբիրի մեջ: Գիտեմ, բոլորը, ովքեր ճանաչել են քեզ կենդանության օրոք, միշտ գտնվելու են ներկայի և հիշողությունների, իրականի և ոչ իրականի, ընկալման և չընդունման, փաստի գիտակցման ու անհավատալիի սահմանին: Ու թեև հաջորդ սերունդները կապրեն, կընկալեն, կգիտակցեն ու կընդունեն` առանց սահմանագծին մոտենալու, թողածդ երաժշտական ժառանգությունը կթելադրի նրանց քեզ ընկալելու անցյալի և հավերժության սահմանին, հավերժության, որը նաև ներկա է և միշտ էլ ներկա է լինելու: